11:05 | 08.02.19 | Նորություններ | 8801
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017թ.-ից «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, երկու փուլով Տավուշի մարզի Դովեղ գյուղում ստեղծել են արտաքին լուսավորության էներգախնայող եւ ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:
Իրականացված ծրագրի արդյունքում, համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ համայնքի բնակիչները:
«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլեւ առավել կարեւոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար, մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթեւացնելու եւ գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաեւ նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով եւ պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: