16:11 | 01.02.19 | Նորություններ | 4852

Նիկոլ Փաշինյան. Վերջին 7 տարում ՏՏ ոլորտն աճել է 5 անգամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն աննախադեպ տեմպերով աճում է:

Այս մասին վարչապետն ասել է` գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ կատարած այցի ընթացքում:

«Վերջին յոթ տարիների ընթացքում այդ ոլորտն հինգ անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով:


ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն այս ոլորտում Հայաստանի հաջողություն հիմնական գրավականն է: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ հայկական հեղափոխությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր ժողովրդի տաղանդի անսահմանափակ դրսեւորման համար, զգալիորեն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը:

Կարծում եմ, որ ազատությունը, ստեղծագործական եւ նորարարության ոգին փոխկապակցված են: Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի մենք դրանում տեսնում ենք մեր տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը եւ ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: