12:18 | 01.02.19 | Նորություններ | 2927

1,1 մլրդ տվյալների արտահոսք համացանց՝ «Կասպերսկի»-ի խորհուրդները տուժածներին

Համացանցում հայտնաբերվել է Collection #1 անվանումը կրող տվյալների հսկայական բազա, որտեղ առկա են 700 մլն ունիկալ e-mail հասցեներ եւ 1,1 մլրդ ոչ պակաս ունիկալ մուտքանունների եւ գաղտնաբառերի տվյալներ։

Այս մասին տեղեկացրել է կիբեռանվտանգության փորձագետ Տրոյ Հանթը:

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, թե ինչպես ստուգել, հայտնվել են արդյոք բազայում որոշակի օգտատիրոջ տվյալները, եւ ինչ անել, եթե դժբախտությունը նրան չի շրջանցել։

Տվյալների արտահոսքերի եւ անվտանգության համակարգերի սողանցքները հազվադեպ երեւույթ չեն։ Բայց երբեմն դրանք առանձնապես խոշոր են լինում։

Կիբեռհանցագործներից շատերը հավաքում են համացանց արտահոսած տեղեկատվությունը՝ ստեղծելով մուտքանունների եւ գաղտնաբառերի սեփական բազան։ Ընդ որում, ոմանք ձգտում են հավաքագրել յուրաքանչյուր արտահոսքի տվյալները՝ իրենց հավաքածուն համալրելու համար։ Այդպես էլ հայտնվում են նման հսկայական հավաքածուները, ինչպիսին է Տրոյ Հանթի հետազոտության առարկան՝ Collection #1-ը։

Այդ բազան չի ձեւավորվել ինչ-որ մեկ խոշոր միջադեպի արդյունքում, ինչպես եղել էր Yahoo-ի օգտատերերի հաշվեգրերի (account) գողության արդյունքում. ջանասեր հավաքածու կազմողը 2008 թվականից համալրում էր այն 2000 տարբեր արտահոսքերի տվյալներով։ Որոշ գրանցումներ Collection #1-ում են հայտնվել բոլորովին վերջերս։

Ինչպես իմանալ, կա՞ն արդյոք որոշակի օգտատիրոջ տվյալները Collection #1-ում

Օգտատերը Collection #1-ում իր տվյալները կարող է որոնել haveibeenpwned.com կայքում։ Իմանալու համար, թե գողացված տվյալների որ բազայում է (որոնք, իհարկե, հայտնի են ծառայության հեղինակներին) հայտնվել այս կամ այն էլ. փոստի հասցեն, անհրաժեշտ է այն մուտքագրել համապատասխան դաշտում։

Եթե օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն հայտնվել է Collection #1-ում, կայքը կհայտնի նրան այդ մասին։ Եթե ոչ, ապա նրա բախտը բերել է, եւ հարցը կարելի է համարել փակված։ Եթե հաջողությունը շրջանցել է նրան, ապա նա պետք է պատրաստվի արկածների։

Ի՞նչ անել, եթե հաշվեգիրը կա Collection #1-ի տվյալների բազայում

Այսպիսով, օգտատիրոջ e-mail-ը հայտնվել է գողացված տվյալների հավաքածուում։ Ցավոք, haveibeenpwned.com-ը չի հուշի, թե հենց որ հաշվեգիրն է տուժել. չէ որ օգտատերը կարող էր այդ փոստարկղն օգտագործել բազմաթիվ կայքերում՝ կրիպտոարժույթների ֆորումում, էլեկտրոնային գրադարանում, կատու սիրողների առցանց-հանրությունում եւ այլ ցանկացած կայքում գրանցվելու համար։ Նա ունի գործելու երկու տարբերակ, եւ ընտրությունը կախված է նրանից, թե օգտագործել է նա միեւնույն գաղտնաբառը մի քանի ծառայությունների համար, թե՝ ոչ։

Առաջին տարբերակ. օգտատերը միեւնույն գաղտնաբառն օգտագործում է մի քանի հաշվեգրերում, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Այս դեպքում ջանք թափելու կարիք կլինի. նա պետք է փոխի գաղտնաբառերն ամենուրեք, որտեղ օգտագործվել է այդ չարաբաստիկ e-mail-ը։ Այո՛, յուրաքանչյուր կայքում։ Հարկ է չմոռանալ, որ գաղտնաբառերը պետք է երկար եւ ունիկալ լինեն։ Հասկանալի է, որ եթե օգտատերը սովոր է օգտագործել միեւնույն գաղտնաբառը բոլոր կայքերում, ապա նա կդժվարանա հիշել մեծ թվով գաղտնաբառերը։ Այս դեպքում նրան օգնության կգա գաղտնաբառերի մենեջերը։

Երկրորդ տարբերակ. օգտատերն ունիկալ գաղտաբառեր է օգտագործում բոլոր հաշվեգրերի համար, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Սա մեծ չափով պարզեցնում է խնդիրը։ Կարելի է վարվել, ինչպես առաջին դեպքում՝ փոփոխելով բոլոր գաղտնաբառերն անխտիր։ Բայց դրա անհրաժեշտություն իրականում չկա։ Սկզբում արժե ստուգել գաղտնաբառերը Pwned Passwords-ի՝ haveibeenpwned-ի եւս մեկ օգտակար գործառույթի օգնությամբ։

Բավական է մուտքագրել օգտատիրոջ հաշվեգրերից մեկի գաղտնաբառն իմանալու համար, թե պահպանվում է արդյոք այն ծառայության տվյալների բազայում սովորական տեքստի կամ hեշի տեսքով։ Եթե haveibeenpwned-ը ցույց տա, որ նրա գաղտնաբառն արտահոսքի արդյունքում գողացվել է գոնե մեկ անգամ, ավելի լավ է փոխել այն։ Եթե ոչ, ապա ամեն ինչ կարգին է եւ կարելի է անցնել մյուս գաղտնաբառի ստուգմանը։

Եթե չկա haveibeenpwned-ին կուրորեն վստահելու եւ կայքին գաղտնի տվյալները հայտնելու ցանկություն, ապա կարելի է գաղտնաբառի փոխարեն նրա որոնման դաշտ մուտքագրել դրա SHA-1 hեշը։ Ծառայությունը ցույց կտա նույն արդյունքը։ Համացանցում կան մեծ թվով ռեսուրսներ, որոնք տրամադրում են ցանկացած տեղեկատվության SHA-1 hեշը։

Ինչպես առավելագույնս պաշտպանվել եւ չդառնալ հերթական արտահոսքի զոհ

Վերջին մի քանի տարիներին տեղի են ունեցել մեծ թվով արտահոսքեր, եւ չկա որեւէ հիմք ենթադրելու, որ դրանց թիվը կփոքրանա, ամենից հավանական է՝ տեղի կունենա հակառակը։

Collection #1-ի նմանակները պարբերաբար ազատ հասանելի կդառնան, եւ կիբեռհանցագործները նախկինի պես ուրախ կլինեն ձեռք գցել այլոց գաղտնաբառերը եւ մուտքանունները։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն առաջարկում են կիրառել մի քանի հասարակ նախազգուշական միջոց, որպեսզի օգտատիրոջ տվյալները չհայտնվեն չար ձեռքերում.

- Օգտագործել երկար եւ ունիկալ գաղտնաբառ յուրաքանչյուր հաշվեգրի համար։ Եթե որեւէ ծառայությունից արտահոսք տեղի ունենա, օգտատիրոջն անհրաժեշտ կլինի փոխել ընդամենը մեկ գաղտնաբառ. մյուս հաշվեգրերը չեն տուժի։

- Միացնել մուտքի երկգործոն ստուգում ամենուրեք, որտեղ հնարավոր է։ Այդպես ցանցահենները չեն կարողանա մտնել օգտատիրոջ հաշվեգիր՝ նույնիսկ գիտենալով նրա մուտքանունը եւ գաղտնաբառը։

- Օգտագործել պաշտպանական լուծումներ, որոնք կարող են օգտատիրոջը զգուշացնել արտահոսքերի մասին։ Նման գործառույթ ունի, մասնավորապես, Kaspersky Security Cloud-ը։

- Օգտագործել գաղտնաբառերի մենեջեր, որտեղ կարելի է ստեղծել եւ պահել հուսալի եւ ունիկալ գաղտնաբառեր՝ դրանք չհիշելու համար։ Որոշ մենեջերներում նաեւ կա գաղտնաբառի արագ փոփոխման գործառույթ։ Օրինակ, Kaspersky Password Manager-ն արդյունավետ կերպով կարողանում է լուծել բոլոր թվարկված խնդիրները։