15:45 | 31.01.19 | Նորություններ | 3990

Գործարկվել է մանկապարտեզների կառավարման առցանց համակարգ

Երեւանի քաղաքապետարանը գործարկել է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող հարթակ:

Կայքում, որը հասանելի է բոլորին, ներկայացված է 160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29,823 եւ հերթագրված՝ 8285 երեխա:

Մանկապարտեզների կառավարման համակարգը ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:

«Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշել երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը եւ երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս: Այստեղ մենք արդեն տեսնում ենք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը եւ թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման եւ զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

Մասնագետները նշում են, որ արվել է հնարավորը՝ համակարգը մատչելի դարձնելու համար:

«Սա ծանոթություն է, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ են դաշտերն իրենցից ներկայացնում: Մեզ մոտ գույները չորսն են. կանաչը եւ կապույտը նշանակում են, որ երեխան համապատասխանում է իր տարիքային խմբին, կարմիրը՝ որ չի համապատասխանում, իսկ նարնջագույնը՝ որ երեխան արտահերթությամբ կարող է ընդունվել պարտեզ»,- նշել է Իզաբելլա Նիկողոսյանը:

Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երեւանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը եւս առկա է կայքում՝ հղման միջոցով: Արտոնությունների ցանկում ընդգրկված են մի շարք խմբեր:

Քաղաքապետի որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա եւ այլն:

Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաեւ օնլայն հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:

«Առաջնային եւ կարեւորագույն քայլը թափանցիկությունն է, որպեսզի մեր համաքաղաքացիները հնարավորություն ունենան գործընթացին հետեւելու առցանց եւ այն բոլոր կասկածները փարատվեն, որ հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, հերթագրման գործընթացներում ներգրավվում են մարդիկ, որոնք, դուրս գալով իրենց ազգանուններից, մականուններից, հեղինակությունից, հնարավորություն են ունենում ազդելու գործընթացի վրա եւ իրենց երեխային փորձում են ավելի հարմար դիրքում տեղադրել եւ շուտ ընդունել մանկապարտեզ»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: