11:33 | 31.01.19 | Հոդվածներ | exclusive 24366
Արդեն մի քանի օր է՝ Facebook-ի հայկական հատվածում մեծ թափով տարածվում է Boom հավելվածը, որն իրենից ներկայացնում է իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նամակագրություն:
Հաշվի առնելով հավելվածի շուրջ առկա մեծ հետաքրքրությունը՝ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանի հետ պարզել ենք, թե որքանով է հավելվածի օգտագործումն անվտանգ:
Boom-ն օգտագործելիս դուք հավելվածին եք տրամադրում՝
- Facebook-ում ձեր անունը եւ օգտահաշվի անունը,
- Անձնական էջի գլխավոր նկարը,
- Սեռը, ծննդյան տարեթիվը,
- Էլ փոստի այն հասցեն, որով գրանցված եք Facebook-ում,
- Unique Facebook Access ID:
Սամվել Գեւորգյանի խոսքով՝ Boom հավելվածը եւ դրան կից վեբ-կայքն ունեն անորոշ ծագում: Օնլայն ծառայության գաղտնիության քաղաքականությունը ոչ միշտ է հասանելի օգտատերերի համար եւ պարունակում է հետեւյալ բովանդակությունը՝
«Գաղտնիության քաղաքականության մեջ պարզ նշված է ձեր անձնական տվյալների այն ցուցակը, որը հասանելի է դառնում ծառայությանը դրանից օգտվելիս: Սակայն նման «պրիմիտիվ» խաղի համար արդեն կասկածելի է, թե ինչու են պետք ձեր անվտանգության մուտքային տվյալները (Unique Facebook Access ID կամ Access Token): Անվտանգության մուտքային տվյալները թույլ են տալիս ձեռք բեռել Ձեր անձնական գաղտնի տվյալները՝ միեւնույն ժամանակ չհաստատելով (չունենալով) ձեր հաշվի գաղտնաբառը կամ հեռախոսի միջոցով հաստատող կոդը»,- բացատրում է Սամվել Գեւորգյանը:
Սա նշանակում է, որ Facebook-ում խաղը խաղալու դեպքում օգտատերը ոչ միայն փոխանցում է իր, այլ նաեւ իր ֆեյսբուքյան ընկերների վերաբերյալ որոշակի անձնական տվյալներ:
Բոլոր նրանց, ովքեր արդեն օգտվել են հավելվածից, Սամվել Գեւորգյանը խորհուրդ է տալիս անձնական տվյալները պաշտպանելու համար հավելվածը ջնջել այստեղից:
Այն հեռացնելուց հետո անհրաժեշտ է դուրս գալ Facebook-ից եւ նորից մուտք գործել, որպեսզի ծառայությանը հասանելի անվտանգության մուտքային տվյալները չեղարկվեն: