13:17 | 25.01.19 | Նորություններ | 3565
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը եւ Luseen Technologies ընկերությունն այսօր քառակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Գավառում կանցկացվեն 6 ամիս տեւողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB): Ամսավճարը կկազմի 10,000 ՀՀ դրամ:
Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել այստեղ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ եւ ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների եւ ընկերությունների հետ:
«Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար, այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից եւ առհասարակ Հայաստանից»,- հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը եւս ողջունել է ծրագիրը՝ նշելով, որ երկրի զարգացման կարեւոր գրավական է մարզերի զարգացումը։ Իսկ մարզում ռազմավարական նշանակություն ունի բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը։ Բուհը պատրաստում է ապագայի մասնագետներ, որոնց համար բարձր տեխնոլոգիաներին տիրապետումը հրամայական պահանջ է։
«Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետն ավելի քան երկու տասնամյակ իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր՝ ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա, համակարգչային ճարտարագիտություն մասնագիտությունների գծով։ Մեր բազմաթիվ շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են իրենց մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում։ Ծրագրի շրջանակում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներուժն ու տեխնիկական հնարավորությունները կներդրվեն՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդներին ծրագրավորման լեզուներ, օտար լեզու, ուսուցանելու, մաթեմատիկական գիտելիքներ փոխանցելու, դպրոցների բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակներով»,- ընդգծել է Ռուզաննա Հակոբյանը:
«Մեր երկրի համաչափ զարգացման համար շատ կարեւոր է հնարավորություններն ուղղորդել դեպի մարզեր, մարզերում ապրող երիտասարդներին ներգրավել այնպիսի ծրագրերում, որոնք խթան կհանդիսանան աշխատատեղերի ստեղծման եւ արտագաղթի նվազման համար»,- հավելել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: