16:35 | 20.12.18 | Նորություններ | 3039

Աղբի վերամշակումը դյուրացնող առցանց հարթակ է գործարկվել

Հայաստանյան առցանց տիրույթում գործարկվել է բնապահպանական www.recycling.am հարթակը, որի օգնությամբ Հայաստանում առաջին անգամ քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները վերամշակող կազմակերպություններն ու թափոններ ընդունող կետերը:

Կանաչ հարթակի ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։

Քարտեզի վրա այս պահին նշագրված է 8 վերամշակող կազմակերպություն եւ տեսակավորված թափոնների 6 աղբաման: Կայքը ստեղծված է Open Street Map քաղաքային քարտեզների բաց հարթակի հիման վրա, որը թույլ է տալիս ցանկացած անձի ավելացնել նոր վերամշակման կետ կամ տեսակավորված աղբամանի կետ՝ տվյալ աշխարհագրական կոորդինատային կետով։

Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի առողջ, ավելի կանաչ միջավայրի ձեւավորմանը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բնապահպանական կրթության ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանի խոսքով, թափոնների վերամշակումը շատ կարեւոր է, քանի որ աղբը հսկայական բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։

«Աղբավայրերի թափոններից վնասակար քիմիական նյութներն ու ջերմոցային գազերը օդ են արտազատվում, իսկ վերամշակումն օգնում է ոչ միայն նվազեցնել թափոնների պատճառած աղտոտումը, այլ նաեւ կրճատել հումքի օգտագործումը։ Պլաստիկ նյութերի քայքայման համար, օրինակ, պահանջվում են հարյուրավոր տարիներ։ Բացի այդ նոր արտադրանք ստանալու համար պահանջվում է հսկայական էներգիա, մինչդեռ շշերի, թղթի, պլաստիկի կամ այլ տեսակի նյութերի վերամշակման համար ավելի քիչ էներգիա է ծախսվում, եւ հսկայական օգուտ է տրվում բնությանը՝ պահպանելով բնական ռեսուրսները»,- նշել է Արմինե Պողոսյանը:

Կազմակերպիչները համոզված են, որ անհատների առօրյա սովորություններն ու կենսաձեւն անմիջականորեն ազդում են այս գործընթացի վրա, իսկ կայքը կարող է հրաշալի գործիք դառնալ անհատներին ու մարդկանց խմբերին ներգրավելու վերամշակման այս կարեւոր գործընթացի մեջ՝ դարձնելով այդ գաղափարի կիրառողն ու տարածողը։

Կայքը ստեղծվել է «Կանաչ նախաձեռնություններ» հանրային իրազեկման արշավի շրջանակում՝ որպես ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) եւ ՀՀ բնապահպանության նախարարության «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մաս։