16:26 | 12.12.18 | Նորություններ | 11312

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանամուտ են նշել Զարինջա գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» գործակցության արդյունքում Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշել Աթոյանների ընտանիքը:

Կիսակառույց տան շինարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ գործընկեր կազմակերպությունների կամավորները: Նրանց աջակցությամբ, Աթոյանների կիսակառույցի շինարարությունն ավարտվել է սեղմ ժամկետներում: Ընտանիքը բնակարանամուտը նշել է աջակցողների հետ:

«Այս ծրագիրը թույլ է տալիս աջակցել այնպես, որպեսզի խնդիրների մեջ հայտնված քաղաքացին դրանք հաղթահարի արժանապատվությամբ: Դա շատ կարեւոր է մեզ համար: Մեր գործակցության հիմքում դրված է այդ չափանիշը: Նա, ում հաջողվում է դուրս գալ անհաղթահարելի թվացող վիճակից, պետք է չկաշկանդվի նաեւ հետագայում: Մենք մերժում ենք անտարբերությունը եւ ակնկալում, որ բնակարանի տեր դարձած յուրաքանչյուր ընտանիք մեկընդմիշտ հրաժեշտ տա հուսահատությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական բնակարանամուտն ենք տոնում՝ ջերմ զգացողությամբ: Հանապազօրյա հացը սեփական քրտինքով վաստակող այս շինական ընտանիքը տարիների ընթացքում կորցրել էր սեփական տանիքն ունենալու հույսը: Այսօր նորոգվել է եւ՛ այդ հույսը, եւ՛ ապագայի նկատմամբ լավատեսությունը: Կարող եմ արձանագրել, որ մեկ ընտանիքի աջակցելով՝ սա փաստացի երկու ընտանիքի խնդիր լուծելու հիանալի հնարավորություն էր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: