16:37 | 05.12.18 | Նորություններ | 3188
Դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը։
Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու եւ հետագա քայլերը որոշելու համար, բացի այդ, Հայաստանի մյուս մարզերի երիտասարդներին Գյումրիի`մասնավորապես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի օրինակով ոգեւորել եւ մոտիվացնել, որ իրենց մարզերում իրենք եւս նպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) Տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը նշել է, որ համաժողովի առաջին օրը կկազմակերպվեն պանելային 3 քննարկումներ՝ «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում» եւ «Տեխնոլոգիաները` որպես այլ ոլորտների զարգացման գրավական» թեմաներով:
Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, միջազգային եւ տեղական փորձագետների, մենթորների կողմից կանցկացվեն սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 200 երիտասարդների համար։
«Սա շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ մեկ նպատակի շուրջ համախմբվելու են բոլոր մարզերի երիտասարդները` ասելու, որ Հայաստանը միայն Երեւանը չէ»,- նշել է Ամալյա Եղոյանը։
Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա միջոցառումը նպաստել է նրան, որ միջազգային դոնոր կազմակերպությունները սկսել են հետաքրքրվել մարզերով։ «ՀՕՖ-ը տվել է իր համաձայնությունը ՁԻՀ-ի հետ Գյումրու մոդելն իրականացնել Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքում»,- հայտնել է Ամալյա Եղոյանը:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր հերթին ընդգծել է, որ ուրախալի է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը նմանատիպ միջոցառումներում: Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում քննարկվելու են ծրագրեր, որոնք պետք է նպաստեն մարզերի մրցունակության բարձրացմանը:
«ՏՏ ոլորտին աջակցության բազմաթիվ նախաձեռնություններ կան Հայաստանում, փորձում ենք այդ գործընթացներում ներգրավել նաեւ մարզերը։ Մեր նպատակն է, որ մարզերի երիտասարդները ստիպված չլինեն տեղափոխվել Երեւան կրթություն ստանալու համար, այլ կարողանան որակյալ ուսում ստանալ իրենց բնակավայրին մոտ։ Երեւանը դեռեւս գրավիչ է ապրելու տեսանկյունից, բայց այն, ինչ կատարվում է Գյումրիի տեխնոպարկի շուրջ, ցուցիչ է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Տարվա կտրվածքով մեծ քանակությամբ աշակերտներ են գալիս Գյումրու եւ Վանաձորի տեխնոպարկեր, կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն կարեւորել է նմանատիպ միջոցառման դերը մարզերի բնակչության` տեխնոլոգիական կրթության եւ ձեռներեցության գործընթացների մեջ ներգրավման գործում։
«Եվրոպական միությունն օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը տեխնոլոգիական եւ ինովացիոն կենտրոն դարձնելու նպատակին, եւ այդ առիթով ԵՄ-ն իրականացնում է աջակցության ծրագրեր՝ ուղղված նշված ոլորտների զարգացմանը, մասնավորապես, առաջիկայում նախատեսվում է 60 մլն. եվրոյի ներդրում՝ ուղղված ԵՄ-ն հանուն նորարարության նախաձեռնությանը, հանրակրթական դպրոցներում բնագիտական առարկաների խորացված ուսուցմանը (STEM), մարզերի զարգացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացմանը»,- նշել է նա:
ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանն էլ ասել է, որ ծրագիրն արդեն երկրորդ անգամ է աջակցում համաժողովին, քանի որ նորարարության եւ առաջատար տեխնոլոգիաների զարգացումը ապահովում են երկրի տնտեսական աճը եւ երիտասարդները տիրապետում են այն ներուժին, որի միջոցով հնարավոր է հասնել այդ ամենին:
Գյումրիում կայանալիք համաժողովին ներկա կգտնվեն եւ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից: