16:40 | 30.11.18 | Նորություններ | 13318

Ucom-ի տնօրենը բաց դաս է անցկացրել «Արմաթ»-ի եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի սաների համար

Ucom ընկերության եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո իրականացվող գործակցության շրջանակում երկու ընկերությունների ղեկավարներն այցելել են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի միջնակարգ դպրոց։

Ucom ընկերության համահիմնադիրը տեխնիկական ուղվածության բաց դասով է հանդես եկել դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի 18 սաների եւ նրանց հարեւան համայնքում՝ Լեռնարոտում սովորող թվով 12 աշակերտների համար։ Վերջիններս «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում գյուղում կենսաբանություն դասավանդող Անուշ Մելքոնյանի աշակերտներն են, ով այս տարի է գործուղվել համայնք։

Այս այցը մասնավերապես Լեռնարոտի աշակերտների համար ճանաչողական բնույթի էր. նրանք հնարավորություն են ստացել ծանոթանալու հարեւան գյուղի իրենց հասակակիցների հետ, ծանոթացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությանը, ինչպես նաեւ ակտիվ մասնակցել են Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանի բաց դասին։

«Երեխաներին այս կարճ ժամանակահատվածում փորձեցի ներկայացնել, թե ուր է շարժվում աշխարհը, եւ որ կարեւոր է՝ երեխաներն իրենց ոչ թե օգտատերերի դերում տեսնեն, այլ ստանձնեն ստեղծողի պատասխանատվությունը։ Երբ կանգնեն սեփական մասնագիտացման ընտրության առջեւ, պետք է ճիշտ որոշում կայացնեն․ որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ արհեստական բանականության, համակարգչային տեխնիկայի, ցանցային տրամաբանության, նեյրոնային ցանցերի զարգացումը բերելու է բավականին մեծ թվով մասնագիտությունների վերացմանը։ Եթե այսօր մեր երեխաներին սա չպատմենք, չաջակցենք կողմնորոշվելու հարցում, վաղը նրանք, վերացող մասնագիտություններն ընտրելով, չեն կարողանալու ավելի արժեքավոր բան ստեղծել»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ Ucom եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» համագործակցության փաստով։ Արժեւորելով այն դերը, որը Հայաստանը ցանկանում է ստանձնել ՏՀՏ ոլորտում, ուզում եմ ընդգծել, որ «Արմաթ»-ների գործունեությունը հենց դպրոցի տարածքում երեւի թե ամենակարեւոր քայլն է դեպի ապագա, դեպի երկրի զարգացում։ Այդ առումով անելիքները շատ են»,- նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

ԱՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող «Արմաթ» խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը: