12:30 | 23.11.18 | Նորություններ | 13484

Ucom-ը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը կհամագործակցեն

Ucom ընկերությունը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։

Գործակցությունն իրականացվելու է «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո։

«Այս գործակցությունը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերներին արձագանքելու եւ նորարարություններին հետեւելու անհրաժեշտությունը։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը եւ որ հանրակրթական համակարգում ներդրումները հնարավորություն կտան հեռանկարային առումով Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար երկրներից մեկը»,- նշել է Ucom-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մենք ջանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ մեր ծրագրի մասնակիցները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերը՝ կիրառելով դրանք սեփական դասասենյակներում։ Համոզված ենք, որ այս համագործակցությունը կարող է կարեւոր նշանակություն ունենալ՝ նպաստելով աշակերտների շրջանում ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովhաննիսյանը։

Երկու կազմակերպությունները շարունակաբար համատեղ ծրագրեր են կյանքի կոչել, մասնավորապես՝ Բագարանում բացված «Արմաթ» լաբորատորիայի նախագիծը, նաեւ իրականացրել են համատեղ միջոցառումներ։ Ստորագրված հուշագրի նպատակն է համատեղել Ucom ընկերության եւ «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի ջանքերը՝ հանրակրթության բնագավառում նորարար տեխնոլոգիաների ներդրման եւ համապատասխան մասնագետների ներգրավման ուղղությամբ։