12:42 | 16.11.18 | Նորություններ | 15057
«Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ ամփոփվել է օգոստոսին մեկնարկած եւ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը:
Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։
Բացի Հայաստանից՝ ծրագիրն իրականացվել է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում եւ շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։
Նախագիծն իրականացվել է երեք փուլով։
Առաջին փուլում (օգոստոս-սեպտեմբեր) մասնակիցները ձեռք են բերել տարատեսակ գիտելիքներ եւ հմտություններ փորձառու մասնագետների դասավանդմամբ ամենաարդիական թեմաների շուրջ՝ մարքեթինգ, agile մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ (էմոցիոնալ ինտելեկտի զարգացում, յոգա), սոցիալական ձեռներեցություն, քրաուդֆանդինգի հիմունքներ եւ այլ հմտությունների զարգացում։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվել ընդհանուր գաղափարների շուրջ եւ աշխատել թիմերով։
Նախագծի շրջանակում մասնակից երիտասարդ աղջիկները հանդիպումներ են ունեցել գործարարների հետ՝ ONEX եւ Yecup ընկերությունների հիմնադիրները կիսվել են իրենց փորձով՝ կառավարման եւ հաջողությունների գաղտնիքներով։
Երկրորդ փուլը (հոկտեմբեր) մենթորային ծրագիրն էր․ մասնակիցներն իրենց գաղափարների շուրջ քննարկումներ են ունեցել մասնագետների հետ եւ գաղափարները վերածել ծրագրերի, նախագծել իրականացման գործընթացը։
Երրորդ փուլում (նոյեմբերի 12) ծրագիրը ներկայացվել է ժյուրիին։ Ժյուրիի կազմում էին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, GIZ Կանանց ձեռներեցության եւ արդյունքների մոնիտորինգի գծով խորհրդատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի Արտաքին կոմունիկացիաների բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։
Հաղթող է ճանաչվել Soup2Go թիմը եւ ի թիվս այլ մրցանակների, պրոֆեսիոնալ խորհրդատվություն կստանա նախագծի իրականացման ողջ ընթացքում։ Լավագույն մասնակից ճանաչված Լանա Լանդաուին հնարավորություն է ընձեռնվել փոխանակման ծրագրի շրջանակում արտերկրում մեկամսյա պրակտիկա անցնելու՝ սովորելու եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Մրցանակներ են տրամադրվել նաեւ ակտիվ մասնակից եւ այլ անվանակարգերում, ինչպես նաեւ՝ շնորհվել են հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից։
Inspired by Her Academy-ն եռամսյա ինտենսիվ կրթական եւ սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը եւ նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները:
Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդել եւ առաջնորդել են միջազգային եւ հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով եւ հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։