17:00 | 15.11.18 | Նորություններ | 4310

Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին

Նոյեմբերի 14-ին Երեւանում՝ Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ, կայացել է Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»:

Միջոցառմանը մասնակցել են բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը եւ IE բիզնես դպրոցի պրոֆեսոր Քրիստինա Ստատոպուլոսը:

Քրիստինա Ստատոպուլոսը, ով նաեւ Google ընկերության Մադրիդի գրասենյակի աշխատակից է, ներկայացրել է տեխնոլոգիաների ոլորտում կանանց տեղի եւ դերի հետ կապված խնդիրները, որոնք առկա են ողջ աշխարհում: Նա խոսել է երազանքի աշխատանք գտնելու իր տեսլականի մասին, կիսվել Google-ում աշխատանքի ընթացքում ձեռք բերած փորձով:

Իրինա Վոլկը պատմել է, որ սարսափելի դժվար չէ հայտնվել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը կամ Dell-ը, թեեւ ոլորտում դեռ առկա են ենթագիտակցական կողմնակալություններ կանանց նկատմամբ:

«Մի զբաղվեք բիզնեսով, եթե իսկապես չեք սիրում ձեր սկսածը»,- նշել է Եվա Հյուսյանը, քանի որ, ըստ նրա, ադրենալինի քանակը շատ մեծ է, իսկ եթե միջազգային մի բան ես անում, ապա դա ուղղակի խենթություն է եւ պետք է իսկապես սիրես դա: «Մի փոքր ավելի լավը եղեք ձեր գործում, քան տղամարդիկ, եւ բոլոր դռները կբացվեն ձեր առջեւ», - մասնակիցներին խորհուրդ է տվել նա:

Ասյա Դալլաքյանն էլ իր փորձից ելնելով՝ խորհուրդ է տվել չվախենալ սեղանի շուրջ նստել տղամարդկանց հետ՝ ինչպես հավասարը հավասարի, քանի որ հաճախ կանայք շատ ավելին են կարողանում:

Միջոցառման ընթացքում խոսվել է նաեւ կանանց ինքնավստահության պակասի, ինչպես նաեւ մենթորներ եւ հատկապես տղամարդ մենթորներ ունենալու առավելությունների մասին: