13:55 | 07.11.18 | Նորություններ | 8763

Հայկական ստարտափը՝ ClimateLaunchpad մրցույթի լավագույն տասնյակում

Նոյեմբերի 1-2-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում կայացել է ClimateLaunchpad «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի համաշխարհային եզրափակիչը, որը համախմբել էր 700 ներդրողի, գործարարի, ոլորտի մասնագետի՝ ավելի քան 44 երկրից:

Կիսաեզրափակչի մասնակից 135 ստարտափերի շարքում էին նաեւ Հայաստանի ազգային մրցույթի առաջատարներ ForestBerg, Apaga եւ UVDOS ստարտափերը:

Անցնելով եզրափակիչ՝ Apaga ստարտափը պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում հայտնվել է լավագույն տասնյակում, ինչը հնարավորություն է ընձեռում ստարտափին մուտք գործել եվրոպական Climate-KIC կրթական-նորարարական համայնքի աքսելերացիոն ծրագիր:

Apaga-ն հնարավորություն է ընձեռում սպառողներին եւ մանրածախ վաճառք իրականացնողներին աղբը դրամի վերածել: Օգտատերերը կարող են պատվիրել պլաստիկ շշերի հավաքում հատուկ վարորդների միջոցով, դրա դիմաց ստանալով կտրոններ՝ ստարտափի հետ համագործակցող մանրածախ առեւտրի կետերից օգտվելու համար:

UVDOS -ն աշխատանքի սկզբունքով եւ կառուցվածքով նոր ուլտրամանուշակագույն ճառագայթման դոզիմետր է, որի ցուցանիշները ներկայում աշխարհում լավագույնն են: Այն ունի նաեւ նոր հատկություններ եւ հնարավորություններ, որոնք ընդլայնում են օգտագործման ոլորտները եւ նպատակները:

ForestBerg -ը անտառների խելացի մոնիթորինգի համակարգ է, որը թույլ է տալիս պաշտպանել անտառները հրդեհներից, ապօրինի ծառահատումներից եւ որսից։

ClimateLaunchpad-ն աշխարհում մաքուր եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է: Հայաստանում այն արդեն երրորդ տարին իրականացվում է Նորարարությունների եւ տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կողմից ստեղծված՝ Climate-KIC կրթական-նորարարական համայնքի ClimateLaunchpad ծրագրի եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակում: