11:28 | 19.10.18 | Նորություններ | 7677

Գործարկվել է «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի» կրթական էլեկտրոնային խաղը

Հոկտեմբերի 18-ին հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում կայացել է «Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» նոր կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսը:

Dasaran կրթական հարթակում տեղ գտած խաղի նպատակն է խաղայնացված ուսուցման մեթոդով նպաստել հարթակում գրանցված ավելի քան մեկ միլիոն օգտատերերի շրջանում անվտանգության մշակույթի ձեւավորմանը, հաղորդել գիտելիքներ հրդեհի դեպքում անվտանգության ապահովման եւ վարքականոնների վերաբերյալ:

Խաղի շնորհանդեսին ներկա էին Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Գեւորգ Հովակիմյանը, Save the Children կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը եւ այլ հյուրեր։

Խաղը ստեղծվել է Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Dasaran կրթական ծրագրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջեւ համագործակցության շրջանակում:

Save the Children International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանի խոսքով, կրթական խաղի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ կազմակերպության այլ գրասենյակներ, եւ, հնարավոր է, խաղը տարածվի նաեւ Հայաստանից դուրս։

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն էլ ընդգծել է, որ խաղը հասանելի է հարթակում գրանցված 1,107,346 օգտատերերի՝ աշակերտների, ուսուցիչների եւ նրանց ծնողների համար: Այն կարող են խաղալ բոլորը՝ մուտք գործելով նաեւ ֆեյսբուքյան էջից: