13:10 | 10.10.18 | Նորություններ | 17908

80 հազ. այցելու եւ 120 մասնակից ընկերություն. ամփոփվել է ԴիջիԹեք 2018-ը

14-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվել է հոկտեմբերի 5-7-ը՝ Երեւանում, ունեցել է շուրջ 80 հազար այցելու:

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսը միավորել է ՏՀՏ ոլորտի շուրջ 120 ընկերության:

Նշվում է, որ ԴիջիԹեքը երկարաձգվել է մեկ օրով, որպեսզի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական համաժողովի հյուրերն ու ներկայացուցիչները եւս ծանոթանան ցուցահանդեսում ներկայացված լուծումներին:

Պատվիրակության կազմում էր նաեւ ֆրանսիացի ճարտարագետ-գիտնական, դեյտագրամների գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիր Լուի Պուզանը: Նա խոստովանել է, որ տպավորված է հայկական ընկերությունների աշխատանքով, մասնավորապես նրան զարմացրել է հայկական ընկերությունների՝ ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը եւ աշխարհին համահունչ քայլելու ձգտումը։ Նշվում է, որ ԴիջիԹեքի հյուրերին հատկապես զարմացրել է հայ աշակերտների ստեղծարար միտքը։

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում մեկնարկել է Երեւանում անցկացվելիք «ՏՏ համաշխարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Նաեւ անցկացվել է Եվրասիական թվային պլատֆորմներ միջազգային ամենամյա մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի շրջանակում հաղթող են ճանաչվել Earlyone, Kamurj, «Արմաթ» համահայկական կրթական ցանց եւ Shadowmatic ծրագրերը, որոնք հոկտեմբերի 22-24-ը կմասնակցեն մրցույթի եզրափակչին, իսկ հաղթողները կարժանանան ներդրումների:

Ցուցահանդեսն իրականացվում է 2005թ.-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: