17:05 | 02.10.18 | Նորություններ | 4114
Երեւանում նախորդ շաբաթ կայացել է բիզնես հրեշտակների համաժողովը, որին մասնակցում էին հայ եւ արտասահմանցի գործարար-ներդրողներ, այդ թվում՝ Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենը:
Համաժողովը կազմակերպել էր «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը» (BANA)՝ Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Բրիջիթ Բոումենն, ով Եվրոպայի վենչուրային տարածքում ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է Go Beyond ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում։ Այն խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարություններին։
«Մենք հրեշտակ ենք 2 թեւով, այսինքն՝ ոչ միայն ներդրում ենք անում, այլեւ աջակցում ենք, որ ստարտափները դուրս գան միջազգային շուկա, գործարարներն ու նորարարական գաղափարների հեղինակները գտնեն միմյանց, կապ հաստատեն, դա է մեր առաքելությունը»,- դիմելով ներկաներին՝ ընդգծել է Բոումենը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպան ընդգծել է ստարտափների կարեւորությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում.
«GIZ-ը ներգրաված է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կայացման գործում։ Մեր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով նպաստում ենք այս ոլորտի կայացմանը, այդ թվում՝ աջակցում ենք Հայաստանի բիզնես հրեշտակների աշխատանքին»,- ասել է նա:
«Հավատում ենք, որ Հայաստանի տնտեսական ապագան պետք է կառուցվի զարգացած եւ մրցունակ ստարտափ էկոհամակարգի հիման վրա։ Էկոհամակարգ, որը մոտ ապագայում կմրցի Իսրայելի, Բարսելոնայի եւ Սիլիկոնյան Հովտի հետ»,- իր հերթին նշել է BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:
Համաժողովն իրականացվում էր Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, եվրոպական ESIL ծրագրի եւ GlobalAM ՀԿ-ի աջակցությամբ։
Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար եւ ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: