10:53 | 27.09.18 | Նորություններ | 13057
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արագածոտնի մարզում լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր:
Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող Ավդալյանների ընտանիքն ութ տարի առաջ սկսել է տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Կամավորների թիմի առաջադրանքը եղել է կառուցածը խոնավությունից պաշտպանելը. իրականացվել են մայթերի բետոնապատման աշխատանքներ:
«Հպարտ եմ տեսնել, թե ինչպես են տարբեր մասնագիտության տեր մարդիկ համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցները կամավորական սկզբունքով աշխատանքներ են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, իրերն ու երեւույթներն ընկալելու եւ գնահատելու՝ իր մոտեցումը: Ամեն մեկն անցել է կյանքի՝ իրարից միանգամայն տարբերվող ճանապարհներով: Մի հարցում, սակայն, բոլորին միավորում է ընդհանուրը՝ մեր հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը: Մենք համոզված ենք, որ այսպես է կառուցվում տուն ու երկիր»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կարծում եմ, որ մեր մեկնած օգնության ձեռքն ընդամենը այն ուժն է, որն ընտանիքին կանգնեցնում է ամուր հողի վրա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները հեշտությամբ են լուծում մնացած բոլոր խնդիրները»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: