16:24 | 17.09.18 | Նորություններ | 7485

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը

Սեպտեմբերի 15-ին հայտնի են դարձել «Այբ» դպրոցում անցկացված Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլի հաղթողները:

Օլիմպիադային մասնակցել է 12 թիմ Երեւանից եւ մարզերից, իսկ հաղթող թիմը միջազգային ժյուրիի հաստատումը ստանալուց հետո հնարավոր է ներկայացնի Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլում, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Թայլանդում։

Հաղթող է ճանաչվել Արմ սայբեր քիդզ (Arm Cyber Kids) թիմը, որի կազմում էին Ինես եւ Աշոտ Գասպարյանները։ Եվս երկու թիմ արժանացել է պատվոգրերի՝ Վիզ Քիդզ (Whiz Kids) թիմը Երեւանից «Առաջին Կարգ» եւ Սյունիքի մարզից Դուխով թիմը՝ «Տարիքային խմբում լավագույն արդյունք» անվանակարգերում։

«Լինելով տեխնոլոգիական ընկերություն՝ «Ռոստելեկոմ»-ը շատ է կարեւորում նման միջոցառումները, քանի որ երեխաների ուշադրությունն է կենտրոնացվում ռոբոտաշինության եւ մի շարք այլ պահանջված ու արդիական առարկաների շուրջ։ Հայաստանյան փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու նաեւ միջազգային մրցաշարերին, ուր նրանք նոր փորձառություն եւ գիտելիքներ ձեռք կբերեն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Մրցույթի պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։ Այս տարի օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։