09:52 | 20.08.18 | Նորություններ | 22492

«ՆերՈւժ» ծրագիրը փնտրում է Սփյուռքից ստարտափների

ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում են «ՆերՈւժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի հայազգի երիտասարդ ձեռներեցներին հնարավորություն տալ ստարտափ սկսել Հայաստանում:

Ծրագրի իրականացմանն աջակցում են IDeA հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Impact Hub Yerevan-ը եւ Հայ-ռուսական համալսարանը:

Մասնակցության համար կարող են դիմել 18-35 տարեկան, ազգությամբ հայ եւ մշտապես Հայաստանի սահմաններից դուրս բնակված կամ վերջին 6 ամսում ՀՀ տեղափոխված երիտասարդները: Ստարտափի հիմնադիրը կամ հիմնադիրներից առնվազն մեկը պետք է ազգությամբ հայ լինի:

Ծրագրի թիրախում լինելու են հետեւյալ ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, նորարար տեխնոլոգիաներ: Մանրամասները հասանելի են այստեղ:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է:

Նշվում է, որ հանձնաժողովի կողմից կընտրվեն մինչեւ հարյուր լավագույն գաղափարներ, որոնց մասնակիցները կծանոթանան Հայաստանին եւ երկրում գործող բիզնես միջավայրին:

Լավագույն թեկնածուների ընտրությունից հետո յուրաքանչյուր թիմից 2-ական մասնակից դեկտեմբերի 16-21-ը կհրավիրվի Դիլիջանի միջազգային դպրոց` ստարտափ ծրագրին մասնակցելու նպատակով: Դրա ավարտին մինչեւ 10 լավագույն թիմ կարժանանա պարգեւների, որոնք նրանց կհանձնվեն Հայաստան կամ Արցախ տեղափոխվելուց հետո:

Հաղթողները կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաեւ իրավական եւ հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից եւ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն եւ այլն: