15:52 | 16.08.18 | Նորություններ | 14049

Հայկական «Սպրինտ» քրաուդֆանդինգ հիմնադրամը կֆինանսավորի ստարտափներին

Հայաստանում սկսել է գործել «Սպրինտ» հիմնադրամը, որը ֆինանսավորում է ստարտափներին՝ տրամադրելով մարքեթինգային բյուջե քրաուդֆանդինգ արշավ իրականացնելու համար։

Հիմնադրամը ստեղծվել է Global AM ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ արդեն մեկնարկել է առաջին պորտֆելային արշավը: Դրա շրջանակում շների համար նախատեսված Bristly ատամի խոզանակը քրաուդֆանդինգի միջոցով այս պահին հավաքել է ավելի քան $470 հազ., ինչը սկզբնական նպատակակետից 3000 տոկոսով ավելի է։

«Սպրինտ» հիմնադրամում ընդգծել են, որ քրաուդֆանդինգ արշավների շուրջ 60 տոկոսը ձախողվում է, ինչի հիմնական պատճառը մարքեթինգային բյուջեի եւ մասնագիտացման պակասն է։

«Սա նշանակում է, որ նորարար կամ լավ նախագծած պրոդուկտ ունենալն այլեւս բավարար չէ քրաուդֆանդինգում հաջողության հասնելու կամ առկա պոտենցիալը առավելագույնս ռեալիզացնելու համար։ Նույնիսկ ամենահաջողակ արշավները չեն կարողանում իրենց ողջ ներուժը լիարժեք գործածել մարքեթինգային բյուջեի պակասի պատճառով։ Ֆոնդի նպատակն է լուծել այս խնդիրը»,- նշել են հիմնադրամում:

«Սպրինտ»-ի կառավարիչ Կարեն Վարդանյանի խոսքով, քրաուդֆանդինգում մասնագիտորեն կառավարվող մարքեթինգային բյուջեն հնարավորություն է տալիս 5-10 անգամ բարձրացնել վաճառքներն արշավի ընթացքում:

«Ուսումնասիրելով ոլորտը՝ պարզեցինք, որ աշխարհում առ այսօր չկար մի կազմակերպություն, որ միաժամանակ ապահովեր ինչպես փորձագիտական, այնպես էլ մարքեթինգային ֆինանսավորումը», - նշել է նա:

«Սպրինտ»-ը պորտֆելային ընկերություններին կտրամադրի մարքեթինգային բյուջե մասնագիտացված գործակալությունների միջոցով օգտագործելու համար: Բյուջեի սահմանաչափն առաջին տարվա համար կլինի մինչեւ $100 հազ., եւ յուրաքանչյուր տարի կավելանա եւս $100 հազ.-ով։ Ներդրումից ելքը կիրականացվի արշավի վերջում՝ ներդրված գումարի եւ տոկոսավճարների հետ ստացմամբ:

Հիմնադրամում նշել են, որ համագործակցում են փորձառու գործընկեր-գործակալությունների հետ, որոնք միլիոնավոր դոլարների քրաուդֆանդինգ արշավներ են իրականացրել: Հիմնադրամի խորհրդատուներից են Indiegogo հարթակի վաճառքների փոխնախագահ Ջոն Վասկիսը, Gadget Flow-ի գործադիր տնօրեն Էվան Վարսամիսը եւ Մադրիդի Բիզնես Հրեշտակների ցանցի հիմնադիր Խեսուս Լոզանոն։