15:32 | 09.03.15 | Հոդվածներ | exclusive 9906

Մոբայլ գեյմինգ. պատրաստված է Հայաստանում

Վաղուց արդեն սմարթֆոնները դադարել են զուտ կապի միջոց լինելուց, իսկ մոբայլ գեյմինգի շուկան հետզհետե դառնում է ավելի ու ավելի պահանջված եւ գրավիչ:
 
Եթե հոգնել եք օրվա ընթացքում Angry Birds եւ արտասահմանյան արտադրության այլ խաղեր խաղալուց, առաջարկում ենք փորձել հայկականը: Itel.am-ը բացահայտում է մոբայլ գեյմինգի հայկական արտադրությունը՝ Frismos ընկերության օրինակով:
 
Մոբայլ խաղերի պատմությունը

Առաջին մոբայլ խաղը համարվում Nokia-ի Snake-ը: Չնայած իր մինիմալիստական տեսքին՝ մասնագետները համարում են, որ այն ընդմիշտ փոխել է մոբայլ խաղերի մասին պատկերացումները:

Ավելի ուշ մոբայլ գեյմինգի զարգացմանը նպաստեց WAP (wireless application protocol) տեխնոլոգիայի հայտնվելը, որը թույլ տվեց հեռախոս խաղեր ներբեռնել:

2000-ականներին շուկան ողողեցին գունավոր հեռախոսները՝ օժտված Java and flash տեխնոլոգիաներով: 2007թ. Apple-ը ներկայացրեց իր առաջին iPhone-ը, որը մոբայլ գեյմինգը տեղափոխեց լրիվ այլ հարթություն: 2008թ. ամռանն էլ բացվեց App Store-ը:

Այսօր մոբայլ խաղեր կարելի է գտնել ամենատարբեր հարթակներում՝ Google Play, Windows Phone Store եւ այլն: 

Հայկական մոբայլ գեյմինգ՝ Frismos-ից

2012թ. Frismos ընկերության հիմնադիրները որոշեցին սեփական արտադրանքը ստեղծել: Արդյունքում ստեղծվեց փորձնական խաղ՝ Birdland անունով: Խաղը հնարավորություն է տալիս վիրտուալ «խնամել» թռչուններին:

Սկզբնական շրջանում խաղը գործում էր որպես Facebook-ի հավելված եւ կարճ ժամանակում շուրջ 300 հազ. ներբեռնում ունեցավ: Դրան հաջորդեց Հոնկոնգում գործող հայտնի ընկերության հետ պայմանագրի ստորագրումը, որի շնորհիվ խաղն ավելի տարածվեց: 

Ավելի ուշ ընկերության հիմնադիրները հասկացան, որ ժամանակն է խաղեր պատրաստել մոբայլ սարքերի համար: 2012թ. օգոստոսին ներկայացրին երկրորդ խաղը, իսկ 2014թ. կեսերին պատրաստ էր «ստրատեգիա» ժանրի առաջին խաղը՝ մոբայլ սարքերի համար:

Frismos-ը՝ իր շուկայի մասին

Frismos-ն այս պահին 12 խաղ ունի՝ նախատեսված մոբայլ սարքերի համար: Այս բոլոր խաղերը միասին ներբեռնել են շուրջ 15 մլն անգամ: Խաղերի ամսական ակտիվ օգտատերերի ընդհանուր թիվը կես մլն է:

Ամենաշատ ներբեռնված խաղը Birdland-ն է:

Ընկերությունում նշում են, որ Birdland-ից բացի՝ մյուս խաղերն այս պահին միայն Android օպերացիոն համակարգով են աշխատում, սակայն դրանք շուտով կունենան նաեւ iOS-ում գործելու հնարավորություն:

«Ծրագրավորումն այն եզակի ոլորտներից է, որտեղ քո աշխարհագրական դիրքն էական չէ: Հայաստանում աշխատելով էլ կարելի է լավ պրոդուկտ ստեղծել եւ ուղարկել միջազգային շուկա»,- Itel.am-ի հետ զրույցում նշում է Frismos ընկերության տնօրեն Արշամ Մանուկյանը:


Արշամ Մանուկյանը

Նրա խոսքով՝ մոբայլ խաղերի հայկական շուկան այդքան էլ զարգացած չէ, քանի որ երկիրը փոքր է, իսկ բնակչությունը՝ ոչ այնքան վճարունակ:

«Մեր խաղերի սպառման հիմնական շուկան ԱՄՆ-ն է, ինչ-որ չափով՝ նաեւ եվրոպական երկրները: Ինչ վերաբերում է ասիական շուկային, ապա այստեղ Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Չինաստանը չափազանց զարգացած մոբայլ գեյմինգ ունեն:  Հետեւաբար, այդ շուկաներում հաջողության հասնելու համար պետք է կարողանաս հատուկ իրենց համար պատրաստված խաղ մշակել՝ քանի որ լոկալիզացիայի հարցն այնտեղ շատ լուրջ է դրված»,- պատմում է Արշամ Մանուկյանը: 

Ինչպե՞ս են ստեղծվում մոբայլ խաղերը

Frismos-ի պրոդուկտ մենեջեր Արման Հարությունյանը, ներկայացնելով խաղերի ստեղծման գործընթացը, նշում է, որ առաջինը քննարկում են խաղի կոնցեպտը:

«Առաջարկված տարբերակներից ընտրում ենք լավագույնը: Երբ ընտրությունը կատարվում է, նկարիչների թիմը վազում է «սքեթչ» (skatch) անելու, իսկ ինժեներները նստում եւ սպասում են, թե ինչ պրոդուկտ կներկայացնեն նկարիչները: Երբ պատրաստի նկարները հասնում են ինժեներներին, նրանց մոտ ստեղծագործական երկրորդ շունչն է բացվում: Արդյունքում նկարիչների թիմը սկսում է թվայնացնել այդ ամենը, եւ տալիս է անիմատորներին, որոնք էլ իրենց հերթին աշխատանքը նորից փոխանցում են ինժեներներին: Վերջիններս խաղի արդեն պատրաստի նախատիպը դնում են խաղի մեջ»,- պատմում է Արման Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում խաղի կերպարներն արդեն կենդանի են, շարժվում են: Ապա սկսվում է թերությունների ուղղման եւ շտկումների գործընթացը, թեստավորումը:

Թիմի մասին

Frismos-ի թիմը բաղկացած է 20 հոգուց: Թիմի անդամների տարիքը չի գերազանցում 30-ը: 

«Թիմը մեր հիմնական ու ամենակարեւոր արժեքն է: Մեր ամենափոքր անդամը 18 տարեկան է: Երիտասարդ աշխատողներ են, որոնք շատ բարձր մակարդակի գործ են անում: Տեխնիկական մասնագետները՝ հատկապես ծրագրավորողները, մեզ մոտ աճում են: Նրանց հետ համագործակցությունը սովորաբար սկսում ենք պրակտիկայի հնարավորություն ընձեռելով, ապա նրանք աճում են եւ համալրում թիմը»,- ասում է Frismos-ի տնօրենը:
   
Frismos-ի 3 հիմնական խաղերը՝ ըստ Itel.am

- Vikings Battle - ստրատեգիական խաղ, որի նպատակն է վիկինգների հզոր գյուղ ստեղծելը: Հասանելի է Android համակարգով աշխատող մոբայլ սարքերի համար:

- Amazing Emma - զվարճալի ժամանցային խաղ երեխաների համար: Նպաստում է երեխայի կենտրոնացմանն ու հիշողության բարելավմանը: Հասանելի է Android համակարգով աշխատող մոբայլ սարքերի համար:

- Birdland - վիրտուալ կենդանիներ, հիմնականում՝ թռչուններ պահելու համար նախատեսված խաղ, որը հասանելի է Android եւ iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար:

Հ.Գ. Առաջիկայում Itel.am-ը կփորձի ներկայացնել նաեւ մոբայլ գեյմինգի հայկական շուկայի մյուս խաղացողներին:

Նարինե Դանեղյան